Ինչու են քնած ժամանակ թմրում ձեռքերը և ինչպես ազատվել դրանից

Շատերին, հատկապես ավելի մեծ տարիքի անձանց, ծանոթ է ձեռքերի թմրածության, ծակծկոցի ու փշաքաղվելու զգացողությունը՝ հատկապես գիշերվա ժամերին: Այս ախտանշանները, սակայն, կարող են նկատվել ցանկացած տարիքում: Ձեռքերի թմրելու հիմնական և ամենից հաճախ հանդիպող պատճառը պարանոցային օստեոխոնդրոզն է կամ ողնաշարի պարանոցային հատվածում աղային կուտակումները: Այս հիվանդությունը հանդիպում է 50 տարեկանից բարձր անձանց 70%-ի մոտ, սակայն դրա առաջացումը սկսում է արդեն 30 տարեկանից հետո: Այսօր ավելի ու ավելի հաճախ է օստեոխոնդրոզը հանդիպում նաև դեռահասների մոտ:

Ձեռքերում տհաճ զգացողությունների առաջացման մյուս խնդիրներից են սրտանոթային հիվանդությունները, աթերոսկլերոզը, անոթների աթերոթրոմբոզը, շաքարային դիաբետը, արյան գերճնշումը, մանր հոդերի պոլիարթրիտը, նյարդային բորբոքումները և օրգանիզմում B խմբի վիտամինների պակասը:

Որևէ ախտաբանության բացակայության դեպքում ձեռքերի թմրածությունը կարող է պայմանավորված լինել սխալ ընտրված բարձով կամ քնի ժամանակ մարմնի և, առաջին հերթին ձեռերի, սխալ դիրքով: Շատերն ունեն քնելիս ձեռքերը ետ տանելու կամ գլխի տակ դնելու սովորություն, ինչը խոչընդոտում է վերին վերջույթներում արյան կանոնավոր շրջանառությանը:

Ինչպե՞ս են գիշերվա ժամերին թմրում ձեռքերը

Տհաճ զգացողությունները կարող են շատ տարբեր լինել՝ կախված ձեռքի հատվածից: Ամբողջ ձեռքի թմրումը շատ հազվադեպ հանդիպող երևույթ է: Հաճախ թմրում է դրա որևէ հատվածը, ինչը կախված է հիվանդության առաջացման պատճառից: Դրանց շարքին են դասվում.

1.      Պարանոցային օստեոխոնդրոզը, սպոնդիլեզը, պարանոցի հատվածում (հատկապես պարանոցի ստորին ողերի (С5-С7) հատվածում) միջողնային ճողվածքը կամ ելուստը: Ողնուղեղի հենց այս հատվածից են դուրս գալիս դեպի ձեռքերը ձգվող նյարդերը: Ընդ որում՝ թմրող հատվածը կախված է տուժող նյարդից.

·        Ձեռքի ներքին մակերևույթը, ուսից մինչև 5-րդ մատի ծայրն ու 4-րդ մատի կեսը (С7),

·         ուսի ու նախաբազկի, ինչպես նաև 2-րդ ու 3-րդ մատերի ետևի հատվածը (С6),

·         Ձեռքի կողային հատվածներից մինչև բթամատն ու ցուցամատը (С5):

Ստորին հատվածի տարածված ախտաբանության դեպքում թմրածությունը կարող է նկատվել ձեռքերի տարբեր հատվածներում: Բացի այդ, պարանոցային օստեոխոնդրոզի դեպքում հաճախ նկատվում են նաև գլխացավեր:

2.      Դաստակային թունելի համախտանիշի դեպքում սեղմվում են այն նյարդերը, որոնք դաստակի ոսկորների կազմած թունելով շարժվում են դեպի դաստակը: Այս հիվանդությունն առաջանում է դաստակի հատվածի միանման ծանրաբեռնվածությամբ երկար աշխատելու դեպքում (համակարգչի հետ աշխատանքը, երաժտական գործիքով նվագելը և այլն): Այս դեպքում նկատվում է ամբողջ դաստակի, դաստակին մոտ հատվածների և երբեմն մատների թմրածություն: Ձեռքի վերին հատվածները չեն տուժում:

3.      Դաստակի մանր հոդերի պոլիարթրիտին բնորոշ է միայն մատների թմրածությունը:

4.      Ուսի կամ արմունկի հոդերի ախտաբանությունների դեպքում ախտանշանները նկատվում են միայն ավելի ներքև գտնվող հատվածներում:

5.      Շաքարային դիաբետի և նյութափոխանակության այլ խանգարումների (լյարդի ու երիկամների հիվանդություններ, էնդոկրին ախտաբանություններ) դեպքում թմրումը սկսում է ձեռքերի ծայրամասերից և աստիճանաբար տարածվում դեպի վեր: Ախտաբանության նույն տեսակը նկատվում է նաև ծխախոտի ու ալկոհոլի չարաշահման դեպքում: Սա տեղի է ունենում հետզհետե ավելի խոշոր անոթների ախտահարման հետևանքով: Սովորաբար սկսում են թմրել երկու ձեռքերը միաժամանակ:

6.      Արյան գերճնշման դեպքում ձեռքերը թմրում են, միայն եթե արյան ճնշումը չափազանց բարձր է լինում:

7.      Սրտանոթային հիվանդությունների դեպքում առաջացած թմրածության ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել, թե որ ձեռքն է թմրում: Եթե տհաճ զգացողությունները աջ ձեռքում են, ապա դա ամենայն հավանականությամբ պայմանավորված է պարանոցային օստեոխոնդրոզով: Սակայն, եթե թմրում է ձախ ձեռքը, ապա դա կարող է լինել սրտի լուրջ հիվանդությունների ախտանշան, ինչպիսիք են ստենոկարդիան կամ սրտամկանի կաթվածը: Եթե ձեռքը թմրել է հանկարծակի (հատկապես գիշերվա ընթացքում) և չի անցնում մեկ ժամվա ընթացքում, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

 

Ի՞նչ անել, եթե քնի ժամանակ ձեռքերը թմրում են

1. Փորձել վերացնել բոլոր հնարավոր գործոնները.

փոխել բարձը,

ընտրել քնի ավելի հարմար դիրք, հաճախ փոխել դիրքը՝ անոթների սեղմումը կանխելու համար,

բացառել ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը՝ հատապես գիշերով,

քնելուց առաջ չզբաղվել ձեռքերը ծանրաբեռնող աշխատանքով:

2. Վարժություններ թմրածության դեպքում

առանց անկողնուց վեր կենալու պառկել մեջքի վրա, ձեռքերը բարձրացնել և 50 անգամ ծալել ու ուղղել մատները: Այնուհետև ձեռքերն իջեցնել, դնել իրանի երկայքով և կրկնել վարժությունը:
անել դաստակների պտտաձև շարժումներ:
կանգնել, ձեռքերը «կողպել» մեջքի ետևում և փորձել բարձրացնել հնարավորինս վեր:
թույլ թմրածության դեպքում կարելի է պարզապես թափահարել ձեռքերը:

3. Քնելուց առաջ և օրվա ընթացքում կարելի է թուլացնել պարանոցի լարված մկանները թեթև ինքնամերսման միջոցով: Անհրաժեշտ է պարզապես տրորել պարանոցը ափերով (այս ընթացքում կարելի է օգտագործել նաև հակաբորբոքային քսուք):

4. Հակացուցումների բացակայության դեպքում և կախված խնդրի առաջացման պատճառից կարելի է կատարել նաև ֆիզիոթերապիական պրոցեդուրաներ.

պարանոցի հատվածում մագնիսաթերապիա,

ֆոնոֆորեզ, ձեռքերի դարսոնվալիզացիա,

պարաֆին դաստակների և նախաբազկի հատվածում,

լիդազայով էլեկտրոֆորեզ դաստակային թունելի հատվածում:

5. Ժողովրդական միջոցներ.

Մեղրով կոմպրես. ձեռքերի թմրող հատվածներին քսել բարակ շերտով մեղր, փաթաթել կտորով ու թողնել ամբողջ գիշեր: Բուժման կուրսը՝ 7-10 պրոցեդուրա:
ճահճախնկենի (багульник болотный). 5 ճաշի գդալ մանրացրած հումքին ավելացնել մի բաժակ խնձորի քացախ, մի շաբաթ թրմել և օգտագործել թմրող հատվածները տրորելու համար:
բացի այդ, առավոտյան սոված փորին մի բաժակ տաք ջուր խմելը կօգնի ամրացնել անոթների պատերը և կանխել նման խնդիրների առաջացումը:

Աղբյուրը՝  Med.tert.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչու են քնած ժամանակ թմրում ձեռքերը և ինչպես ազատվել դրանից